«Եվ նորից երկխոսություններ». Միքելանջելո Անտոնիոնի
Հատված «Անտոնիոնին Անտոնիոնիի մասին» գրքից.
«Երբեմն ես կանգ եմ առնում, որպեսզի լսեմ ինձ անծանոթ երկու մարդկանց զրույցը: Հաճախ բառերն այնքան են համապատասխանում այն մարդու դեմքին, ով արտաբերում է դրանք, որ պարզապես անհնար է այդ մասին չմտածել: Իսկ իմ մտքերը գրեթե միշտ զբաղված են ֆիլմերով: Հենց նման երկխոսություններից էլ սյուժեներն իրենք իրենց առաջանում են:
- Ի՞նչ ես անում մեր կողմերում:
- Ցանկանում եմ այստեղ մի հողակտոր գնել:
- Ինչպե՞ս է Ջուլիան:
- Ասում են՝ հիվանդ է:
- Իսկ որտե՞ղ է հողակտորը:
- Եկեղեցու հետևում, երկու կմ հեռավորության վրա: Ինչու՞ չես ուզում նրան այցելել: Նա այնքան վատ է: Գոնե կուրախանա:
- Հա, արժե այցելել: Քանի՞ հեկտար է:
- Քսան: Դեռ կառուցվում է:
- Իսկ գինն ինչքա՞ն է:
- Եթե գնաս, ասա, որ նա թանկ է ինձ համար, ինչ էլ որ լինի: Տասնհինգ հազար երկու հարյուր:
- Համապատասխանում է: Իհարկե կասեմ:
Երկուսն էլ լռում են: Կարծես, սկսեցին մտածել: Ջուլիայի՞ մասին: Հողակտորի՞ մասին»:
Թարգմանեց Անի Գաբուզյանը



Comments
Post a Comment