Երիտասարդ Սթենլի Կուբրիկի նամակը Ինգմար Բերգմանին


Սթենլի Կուբրիկը Ինգմար Բերգմանին նամակ է գրել 1960թ. փետրվարի 9-ին: Այդ ժամանակ Կուբրիկը 31 տարեկան էր և ավարտին էր հասցնում «Սպարտակ» ֆիլմի նկարահանումները: Բերգմանը տասը տարով ավելի մեծ էր և արդեն նկարահանել էր «Յոթերորդ կնիքը», «Մորու բացատը» և «Աղջկական աղբյուրը»:

«Թանկագին պարոն Բերգման,

Դուք, անկասկած, արդեն այնքան շատ եք գովեստի արժանացել և այնքան հաջողակ եք ամբողջ աշխարհում, որ բացարձակապես անհրաժեշտ չէ հերթական անգամ Ձեզ այդ մասին ասել:

Այնուամենայնիվ, այն արժանի է դրան: Որպես Ձեր գործընկեր՝ նույնպես ռեժիսոր, ես կցանկանայի արտահայտել իմ հիացմունքն ու երախտագիտությունը համաշխարհային կինոյի գանձարանում այն փայլուն ներդրման համար, որը Դուք կատարել եք Ձեր աշխատանքներով: (Ես երբեք չեմ եղել Շվեդիայում և այդ պատճառով Ձեր ներկայացումները դիտելու հաճույքը չեմ ունեցել): Ձեր կյանքի տեսլականը ինձ խորապես հուզել է, շատ ավելի, քան որևէ ցանկացած ֆիլմ կարող էր անել: Ես կարծում եմ, որ Դուք մեր ժամանակների մեծագույն ռեժիսորն եք:

Թույլ տվեք նաև ասեմ, որ Դուք Ձեզ հավասարը չունեք, երբ հարցը վերաբերվում է տրամադրության և մթնոլորտի ստեղծմանը, պատկերի նրբությանը, ակնհայտից խուսափելուն, արժանահավատությանը և հերոսների կերպարների կատարելությանը: Այստեղ հարկ էր նշել, առհասարակ, ռեժիսուրայի բոլոր բաղադրիչները: Եվ ես կարծում եմ, որ Ձեր բախտը բերել է այն դերասանների հարցում, ովքեր Ձեր շրջապատում են: Մաքս ֆոն Սյուդովը և Ինգրիդ Տուլինը մեծ տեղ են զբաղեցրել իմ հիշողության մեջ, ինչպես նաև Ձեր թիմի մյուս դերասանները, որոնց անունները այժմ դուրս են թռչել իմ մտքից:

Ես Ձեզ ամենայն բարիք եմ մաղթում, այն ամենը, ինչ կարող եմ ցանկանալ և անհամբերությամբ սպասում եմ Ձեր յուրաքանչյուր ֆիլմին:

Հարգանքներով,

Սթենլի Կուբրիկ»:

Comments