Annie's back in town


Hey fellas, have you heard the news? You know that Annie's back in town?

Փլանթը չի, ես եմ: Վերջերս եմ արձակուրդից ազատագրվել: Այո, ազատագրվել. արձակուրդների ժամանակ ինձ անպետք եմ զգում: Բայց այ բլոգն ընդհանրապես դեմ չէր մի քանի շաբաթ տևողությամբ հանգստին: Հիմա երկուսս էլ վերադարձել ենք: Չգիտեմ, թե բլոգս ինչպես է վատնել իր արձակուրդը, բայց ես լավագույն ընկերուհուս հետ «Crumbs» սրճարանն եմ բացահայտել՝ իր «ամանորյա» մթնոլորտով ու ամեն անգամ Beatles-ի նույն 4 երգերով, քրոջս ձագին եմ հնարավորինս շատ այցելել, չգիտեմ որերորդ անգամ փորձել եմ թխվածքաբլիթ պատրաստել (անգամ չփորձեք հարցնել՝ ինչպես ստացվեց), արդեն Նոր տարվա նվերների ցուցակն եմ կազմել (գիտեմ, սրանք բլոգի հետ կապ չունեն, պարզապես երբեմն ես էլ եմ գայթակղություններին տրվում), և վերջապես 20-ից ավել ֆիլմ եմ հասցրել «ըմբոշխնել» կամ «չըմբոշխնել»: Ամեն դեպքում այս երկու շաբաթների ընթացքում ոգեշնչվել եմ ու նոր, թարմ գաղափարներով գլուխս լցրել: Մտածում էի աշնանը սկսել դրանք իրագործել, բայց երեկ իմ կինեմատոգրաֆիական ամուսին Ռոբին Ուիլյամսն ասաց, որ վերջապես հետույքս տեղից շարժեմ, դադարեմ տանջել մունջ աթոռներին և գործով զբաղվեմ, անիմաստ ժամանակ չկորցնեմ ամեն կես րոպեն մեկ կրկնելով, որ դասերին մնաց այսքան օր, Նոր տարուն այսքան շաբաթ, իսկ շոգն ասես հավերժ լինի: Այս ամենը հնարավորինս զգացմունքայնորեն բղավելուց հետո երկար քիթը մոտեցրեց ականջիս, արդեն սպիտակած մորուքով ծակծկեց այտերս ու առանց ջանք գործադրելու շշնջաց Carpe diem: Ես էլ թե՝ «Մտքեր, գաղափարներ... Carpe diem»:

Այսօր էլ Փիրսը Բրոսնան եկել էր իմ պատրաստած սուրճ Գլյասեն ըմպելու (գլուխ գովալ չհամարեք, բայց իսկապես համեղ եմ պատրաստում: Հա, միակ բանն է խոհանոցային գլուխ հանելիքներից, որ հանում եմ: Էնպես որ, օգտվեք շոգից ու եկեք մի-մի թաս Գլյասե ըմպելու: Լավ երաժշտությունն ու благовония-ն ապահովում եմ):

Փիրսն էլ այ այսքան սպասեց, մինչև գովքս ավարտեմ, ու մեկ էլ. Carpe diem: Հստակ չեմ կարող ասել՝ արդյո՞ք Փիրսը նույն բանը նկատի ուներ ասելով Carpe diem, ինչ Ռոբինը, բայց what's done is done Pierce:

Հիմա երևի մտածում եք՝ ու՞: Ասեմ: 168.am-ն ամեն կիրակի իր ընկերներից մեկի հետ 10 ֆիլմ է առաջարկում ընթերցողներին և քանի որ շարքը ես եմ վարում, հերթական հերոսի՝ դերասանուհի Անի Ղազարյանի առաջարկած ֆիլմերի տասնյակի վրա աշխատելիս, երբ արդեն ընտրում էի ֆիլմերից կադրեր, մի դետալ նկատեցի. Մեյվեն Լե Բեսկոյի «Իմ թագավոր» ֆիլմից մի կադր շատ նման է Միխայել Հանեկեի «Սեր» ֆիլմի լավագույն կադրերից մեկին: Ու էդպես առաջացավ Cine Twins բլոգային շարքի գաղափարը: Այս ամենը սեպտեմբերին 1-ից անելու փոխարեն որոշեցի օգոստոսի 29-ին անել. հեչ պակաս ամսաթիվ չէ:

Շատ խոսացի չէ՞: Ներողություն եմ խնդրում, ժամանակ քիչ ունեի:

Նկարներն առանձին եմ հրապարակել՝ «ելույթիցս» անկախ: Բայց էստեղ հղումը դնում եմ, բարով վայելեք: Դեռ կհանդիպենք:

Շաբաթվա երկվորյակները. «Սեր» - «Իմ թագավոր»

Comments